Հայ գրականությունն աշխարհում հնագույններից է: Այն իր բարձրակետին է հասել X-XII դարերում: Այս ժամանակաշրջանում է ապրել և ստեղծագործել հայկական վերածնության հիմնադիր, հայ փիլիսոփայական մտքի գագաթ՝ Գրիգոր Նարեկացին: Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության և առհասարակ հայ միջնադարյան գրականության գլուխգործոց երկերից է «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուն, որն իրավամբ պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական բացառիկ արժեքների շարքին: Գրվել է 1001-1003 թվականներին, մինչ օրս մեծ ժողովրդականություն է վայելում. հայտնի է նաև «Նարեկ» անունով, համարվում էր, որ Նարեկը ուներ բժշկող հատկություն...
«Մշո ճառընտիր»ը՝ հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը, գրվել և նկարազարդվել է 1200-1202 թթ.-ին Երզնկայի Ավագ վանքում: Բովանդակում է ճառեր, քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ, զրույցներ և այլ նյութեր: Հսկա ձեռագիրը գրելու համար մշակվել են համապատասխան չափեր ունեցող մագաղաթե թերթեր, յուրաքանչյուր թերթի (70.5սմ х 55.5 սմ) համար օգտագործվել է մեկ հորթի կաշի: Ձեռագիրը գրված է խոշոր, ուղղագիծ երկաթագրով: Ըստ հիշատակարանի՝ 1203-ին` մահմեդականների արշավանքների ժամանակ, ձեռագրի տերը՝ Աստվածատուրը, սպանվում է, ունեցվածքը՝ բռնագրավվում...
Հրաշագործի և խնդրակատարի համբավ ունեցող Շուրիշկանի Ավետարանը գրվել է 1498 թվականին Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում: 1604 թ. շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի ժամանակ Ավետարանն իր տերերի հետ հասնում է Իրան: Հետագայում այնտեղ հիմնվում են Նոր Ջուղա քաղաքն ու մերձակա գյուղերը: Ձեռագիրն էլ պահվում է Փերիա գավառի Շուրիշկան գյուղում: Պահպանման տեղանունից Ավետարանն ստացել է իր անուններից մեկը: Այն կոչվել է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի»: Ավանդության համաձայն՝ թշնամիների ավազակային հարձակումից առաջ Շուրիշկանի Ավետարանը պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ...
Վեհամոր Ավետարանը համարվում է հայերենով գրված հնագույն ամբողջական ձեռագիրը: Թվագրվում է 7-րդ դարով: Ձեռագիրը Մատենադարանին է նվիրաբերել երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ի հիշատակ իր մոր՝ Սիրանույշ Պալճյանի, որի համար էլ մատյանը «Վահամոր Ավետարան» անունն է ստացել...
Հայկական գրքարվեստում առանձնակի արժեք են ներկայացնում նաև կազմերը, որոնք սովորաբար լինում են փայտե հիմքով և կաշեպատ, հաճախ նաև արծաթե և կիսաթանկարժեք քարերով հարդարված: Հնագույն կազմերից հանրահայտ է «Էջմիածնի Ավետարանի» 6-րդ դարի փղոսկրյա շքեղ կազմը, որը վաղքրիստոնեական հայկական արվեստի հուշարձաններից է: Որպես կազմ միացել է Բղենո-Նորավանքում (Սյունիք) 989 թ. ընդօրինակված Ավետարանին...
Մատենադարանի հազվագյուտ նմուշներից է աշխարհում ամենափոքր մագաղաթյա ձեռագիրը: Եկեղեցական Տոնացույց է, գրվել է Ղրիմում 1436 թ. նոր ծնված ուլի մշակված կաշվի վրա: Ձեռագիրը կշռում է ուղիղ 19 գրամ, կազմված է 104 թերթից: Գրել և կարդացել են խոշորացույցով...